Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի նիստում հաստատել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը, հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։
«ԿԸՀ-ն սահմանել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ, որից 1 մլրդ 800 մլն 296 հազար դրամը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նույն նիստում ԿԸՀ-ն հաստատել է նաև «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»: Որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին:
Ընդունված կարգավորումների համաձայն՝ հերթական խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը կամ դաշինքը պարտավոր է ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին հաստատել համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ:
ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակվել են 2026 թվականի հունիսի 7-ին: Ընտրությունների օրացուցային պլանի համաձայն, քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին և կտևի մինչև ընտրությունների նախորդ օրը՝ հունիսի 6-ը:
