Հերթական կեղծ, մանիպուլատիվ և միտումնավոր խեղաթյուրված տեսանյութն է հրապարակվել. Վարդանյան

Հերթական կեղծ, մանիպուլատիվ և միտումնավոր խեղաթյուրված տեսանյութն է հրապարակվել. Վարդանյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հերթական կեղծ, մանիպուլատիվ և միտումնավոր խեղաթյուրված տեսանյութն է հրապարակել բլոգեր Արթուր Չախոյան-ը՝ փորձելով երեք վարչական շրջաններում իրականացված բարեկարգման աշխատանքները ներկայացնել որպես իբր կոռուպցիոն գործընթաց և մոլորեցնել հանրությանը։

Տեղեկացնում ենք մեր բնակիչներին, որ Դավթաշենի առաջին և երկրորդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգում արձանագրված սալիկների արտաքին մակերեսի վնասվածքները տեխնիկական թերություններ են, որոնք ենթակա են պարտադիր շտկման շինարարի կողմից։ Կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրով նախատեսված է մեկ տարվա երաշխիքային սպասարկում, և արդեն իսկ շինարարի առջև հստակ պահանջ է դրվել՝ ամբողջությամբ վերացնել այգում առկա թերությունները։ Երաշխիքային ժամկետը լրանում է 2026 թվականի օգոստոսին։

Նույն պահանջը ներկայացվել է նաև Նոր Նորքի Վերածննդի այգու կապալառուին՝ վնասված սալիկները վերականգնելու և ճեմուղին պատշաճ տեսքի բերելու վերաբերյալ։ Պայմանագրով հստակ ամրագրված է, որ սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում քաղաքապետարանը կստանա կապալառուի կողմից բանկում պահված երաշխիքի գումարները

Դավթաշենի այգու դեպքում՝ 55,813,503 ՀՀ դրամ,
Վերածննդի այգու դեպքում՝ 49,921,727 ՀՀ դրամ։

Բացի այդ, Հաղթանակի 40-ամյակի այգու շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն, և ավարտական ակտը չի տրամադրվել։ Այն կիրականացվի գարնանը և աշխատանքների լիարժեք ավարտից հետո նոր կտրամադրվի ավարտական ակտը, որից հետո նույնպես կլինի մեկ տարվա երաշխիք:

Խիստ դատապարտելի է, երբ հանրային գործունեությամբ զբաղվող անձը շատ լավ տիրապետելով այս ամենին, անտեսում է պայմանագրային, տեխնիկական և իրավական իրական գործընթացները՝ հասարակության մոտ կեղծ տպավորություն ձևավորելու նպատակով։ Նման վարքագիծը ոչ թե հանրային վերահսկողություն է, այլ փաստերի ընտրովի ներկայացմամբ ապատեղեկատվության տարածում»։

Leave a Comment