ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի` 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Արթուր Նահապետյանն անդրադարձել է նախորդ տարի քննված քրեական վարույթների և դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ 2025 թվականին Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2585 քրեական վարույթ՝ 296-ով ավելի, քան 2024 թվականի ընթացքում: Աճել է նաև ավարտված վարույթների թիվը: Այսինքն՝ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվը 2024 թվականի համեմատությամբ աճել է 12,9 %-ով, ավարտված վարույթներինը՝ 4,8 %-ով:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշել է, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է տևական ժամանակ քննվող քրեական վարույթների դատավարական ավարտի հարցը: Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի ընթացքը լուծված 890 քրեական վարույթներից 124-ը քննվել են 2-7 տարի ժամկետում, իսկ 219-ը՝ 1 տարի ժամկետում:
Անդրադառնալով դատարան ուղարկված քրեական վարույթներին՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ 2025 թվականին դատի է տրվել 298 հանրային ծառայող, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ըստ Կոմիտեի նախագահի՝ քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասից նախաքննության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 1.642.887.983 ՀՀ դրամ, անավարտ մնացած քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է ևս 726.430.094 ՀՀ դրամ։ Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման միջոց՝ ավարտված քրեական վարույթներով արգելանք է դրվել ընդհանուր 674.975.798 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ և շարժական գույքի վրա:
Կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև նախորդ տարի պետական և տեղական մարմիններին հասցեագրված շուրջ 120 միջնորդագրերին, որոնց նպատակը հետագայում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելումն է՝ վերացնելով այն պայմանները, որոնք կարող են նպաստել կոռուպցիայի զարգացմանն ու տարածմանը։
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արթուր Նահապետյանն ընդգծել է, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման առումով առկա է դրական դինամիկա և համակարգային պայքար կոռուպցիոն երևույթների դեմ, ինչը խոսում է ոչ թե կոռուպցիոն երևույթների և կոռուպցիոն հանցագործությունների աճի, այլ բացահայտման ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքների մասին: