
Իսրայելական ռուսալեզու vesty-ն հետևել է Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումներին և առանձնացրել axsios-ի տարածած չափազանց կարևոր տեղեկատվությանը, ըստ որի ԱՄՆ Միացյալ շտաբների կոմիտեի պետ գեներալ-լեյտենանտ Դեն Քեյնը նախագահ Թրամփին զգուշացրել է, որ Իրանի դեմ «լայնածավալ հարձակումը խնդրահարույց է, քանի որ զինամթերքի պահեստները դատարկ» են:
Ամերիկյան լրատվամիջոցն իր հերթին հավելել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան սպառազինությունները «մեծ մասը հատկացվել է Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի և «Հըզբալա»»-ի դեմ արդյունավետ պատերազմ մղելու համար»: Գեներալ Քեյնը Դոնալդ Թրամփին նաև ասել է, որ Իրանի «պատասխան հարվածները ցավոտ կլինեն ԱՄՆ դաշնակիցների համար»: Մերձավոր Արևելքում Իրանի առաջին թիրախն, անկասկած, Իսրայելն է: Փետրվարի 23-ի ուշ երեկոյան վարչապետ Նաթանյահուն «ռազմական կաբինետի» նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև բանակի գլխավոր շտաբի պետ Զամիրը:
Նախօրեին Նաթանյահուն մասնակցել է խորհրդարանի լիագումար նիստին և հայտարարել, որ «ժամանակները չափազանց բարդ են, ոչ ոք չգիտի, թե ինչ կբերի վաղվա օրը»: Իսրայելի վարչապետը պատգամավորներին վստահեցրել է, որ բանակը, հատուկ ծառայությունները և ներքին անվտանգության ուժերը «իրավիճակին հետևում են լայն բացած աչքերով»: Նա ամփոփել է, որ հավատում է «Իսրայելի ժողովրդին և նրա զինված ուժերին»:
Փետրվարի 25-ին ԱՄՆ նախագահը կհայտարարի՞ Իրանին «սահմանափակ հարված հասցնելու» որոշման մասին, բարդ է կանխատեսել: Այս փուլում, թերևս, պետք է նկատի ունենալ, որ վերջին օրերին Թեհրանի և մի քանի այլ քաղաքների ուսանողությունը բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպելու մի քանի փորձ է արել: Դոնալդ Թրամփի համար, երևի, ամենահամար տարբերակ կլիներ, եթե Իրանում «ներքին փոխակերպումներ լինեին»:
Եթե իրանա-ամերիկյան լարվածությունը գնահատվի սթափ, ապա. Թերևս, հարկ կլինի ընդունել, որ այս փուլում Թեհրանը Վաշինգտոնի նկատմամբ առնվազն «հոգեբանական առավելություն ունի»: Այն պահպանելու և պայմանավորվածության հասցնելու դեպքում Իրանը ճգնաժամից դուրս կգա ավելի ուժեղ: Իսկ տևական պատերազմը հղի է ԱՄՆ-իսլամական աշխարհ հարաբերությունների, մեղմ ասած, բարդությունների հեռանկարով: