«Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին որակազրկվել է և չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղին։
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պատճառը մադրիդյան ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին հնչեցրած վիրավորանքներն են։
Նախորդ երեքշաբթի կայացած Չեմպիոնների լիգայի անցումային փուլի առաջին խաղում «Ռեալը» 1:0 հաշվով հաղթել էր «Բենֆիկային»։ Գոլի հեղինակ դառնալուց հետո Վինիսիուսը վազել էր դեպի պորտուգալական թիմի երկրպագուների տրիբունաներ և տոնել հաջողությունը սադրիչ ժեստերով։
Դրանից հետո բրազիլացին գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեին բողոքել էր ռասիստական վիրավորանքների համար, ինչի պատճառով հանդիպումը դադարեցվել էր մոտ 10 րոպեով։
Ըստ լրատվամիջոցների՝ 20-ամյա արգենտինացին հերքում է, որ Վինիսիուսին «կապիկ» է անվանել, սակայն խոստովանել է, որ գոլից հետո նրա հասցեին հոմոֆոբ արտահայտություններ է թույլ տվել։
«ՈւԵՖԱ-ի վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում է կայացրել որակազրկել Ջանլուկա Պրեստիանիին ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի հաջորդ խաղից»,- նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ։
Կառույցն ընդգծել է, որ այս որոշումը չի ազդում այն պատժամիջոցների վրա, որոնք կարող են կիրառվել ընթացիկ հետաքննության ավարտից հետո:
Եթե ֆուտբոլիստի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է տևական որակազրկում:
Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Բենֆիկայի» միջև պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում՝ փետրվարի 25-ին։