24 փետրվարի 2026 – 13:31 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացը, հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը:
Այն նպատակ ունի ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, մինչ այժմ ձեռնարկված իրավական քայլերը, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության ապահովման հնարավոր մեխանիզմները։ Առաջին նիստի ընթացքում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Հետաքննությունը իրականացվել է Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) կողմից՝ համագործակցությամբ Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի և Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի հետ։
Բազմակուսակցական հանձնախմբը նախագահել է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան, իսկ կազմում ընդգրկվել են նաև բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։ Աշխատանքներին աջակցել է IBAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։
Քննության գործընթացը ընթանալու է 5 փուլով.
- Մշակութային ոչնչացման վերաբերյալ փաստերի և գործող իրավական արձագանքների քարտեզագրում։
- Դիմումների ընդունման փուլի մեկնարկ։
- Հանրային լսումների անցկացում՝ փորձագետների և վկաների մասնակցությամբ։
- Եզրափակիչ զեկույցի հրապարակում։
- Հետագա քննարկումներ Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային կառույցների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ի, զեկույցում ուշադրություն էր հրավիրել նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման փաստերին։ USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել, մասնավորապես թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, թույլ տալ, որ անկախ միջազգային դիտորդները, օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար: Կառույցը նաև առաջարկել է լսումներ անցկացնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։