Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան քննարկում է 2026 թվականի աշխարհի առաջնության միջմայրցամաքային անցումային (play-off) հանդիպումները և եզրափակիչ փուլի որոշ խաղեր Մեքսիկայից տեղափոխելու հնարավորությունը, հայտնում է The Athletic-ը։
ՖԻՖԱ-ն դիտարկում է մարտի 26-31-ը Մեքսիկայում նախատեսված միջմայրցամաքային անցումային հանդիպումների տեղափոխման տարբերակը։ Կազմակերպությունում մտահոգված են երկրում ստեղծված իրավիճակով և խաղերը կանցկացնեն միայն այն դեպքում, եթե Մեքսիկայի իշխանությունները անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրեն։
Բացի այդ, վտանգի տակ են նաև 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի որոշ հանդիպումներ, որը Մեքսիկայի հետ համատեղ պետք է հյուրընկալեն ԱՄՆ-ն և Կանադան։ Խաղերի տեղափոխումը համարվում է ծայրահեղ միջոց և քիչ հավանական է․ նման որոշում կարող է կայացվել միայն Մեքսիկայի իշխանությունների և մրցաշարի կոմերցիոն գործընկերների հետ քննարկումներից հետո։
2026 թվականի աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել հունիսի 11-ից հուլիսի 19-ն ԱՄՆ-ում, Մեքսիկայում ևԿանադայում։ Ակնկալվում է, որ Մեքսիկան կընդունի մրցաշարի 13 հանդիպում, ներառյալ՝ բացման խաղը։
Մեքսիկայում անկարգություններ էին սկսվել կարտելի ղեկավարի սպանությունից հետո։ Մեքսիկայի զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել էր Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը՝ երկրի խոշորագույն թմրանյութերի կարտելներից մեկի առաջնորդը, որն ավելի հայտնի էր «Էլ Մենչո» մականունով։ Նրա մահը զանգվածային բախումներ էր առաջացրել կարտելի անդամների և իրավապահների միջև. անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ:
