Թրամփը փորձում է ժամանակ շահել. փորձագետը գնահատել է Իրանին հարվածելու դեպքում ԱՄՆ-ի ռիսկերը

Ամերիկյան զինված ուժերը բերված են 100% պատրաստվածության և պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել ցանկացած պահի, գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար ռիսկերը։

Սարգսյանի խոսքով՝ վերջնական որոշումը Թրամփինն է, բայց նա փորձում է ժամանակ շահել՝ հետապնդելով երկու նպատակ։ Առաջինը՝ հանրային աջակցություն ձեռք բերել Սպիտակ տան այն պնդումների ֆոնին, որ դիվանագիտությունը սպառել է իրեն, և Իրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, իսկ երկրորդը՝ ներքաղաքական ռիսկերը մեղմելն է։

«Եթե ռազմական օպերացիան ունենա ծանր հետևանքներ ամերիկյան բանակի կամ զինվորականների համար, դա ուղղակի հարված կհասցնի Թրամփի և հանրապետականների վարկանիշին, ինչի արդյունքում հանրապետականները նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող են պարտություն կրել, և դեմոկրատները կարող են առաջ բերել իմփիչմենթի օրակարգը», – նշել է Սարգսյանը։

Նա նաև հիշեցրել է, որ այս պահին էլ Ներկայացուցիչների պալատում կա 3 իմփիչմենթի նախագիծ և ցանկացած խնդրի առաջացման դեպքում, նախորդ անգամվա օրինակով որոշ հանրապետակններ կրկին կարող են միանալ դրան։

Փորձագետի խոսքով՝ Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու և մտածելու, սակայն ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է:

Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում:

Թրամփն առավելագույնը 15 օր ժամանակ էր նախատեսել Իրանի հետ պայմանավորվածության հասնելու համար:

Leave a Comment