24 փետրվարի 2026 – 12:20 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սպասում է հարմար առաջարկի, ասել է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արազ Օզբիլիսը:
Նա նաև նշել է, որ Սպերցյանը շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի իր գործին, գրում է Metaratings.ru-ն:
«Նա սպասում է տեղափոխության համար ճիշտ առաջարկի։ Եթե նա ուզում է եվրոպական կարիերա կառուցել, պետք է առաջին քայլն անի։ Պետք է տեղափոխվել ոչ այնքան ուժեղ ակումբ, այնուհետև աստիճանաբար բարձրանալ մեծ թիմեր», – ասել է Օզբիլիսը։
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք Սպերցյանը հավաքականում փոխարինել է Հենրիխ Մխիթարյանին:
«Ոչ ոք չի փոխարինի Հենրիխին: Մենք խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, որը 4 անգամ խաղացել է եվրագավաթների եզրափակչում: Չգիտեմ նույնիսկ, թե հաջորդ անգամ երբ որևէ հայ ֆուտբոլիստ կկարողանա հասնել նման հաջողության»,-ասել է նա:
Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ և կատարելով 12 արդյունավետ փոխանցում։