Կարեւորվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բաց ու կառուցողական համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ կարեւորում է բաց ու կառուցողական երկխոսությունը: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, որին մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Էսթեր Այվազյանը:

Կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ իրենց գործունեության նպատակն է հնարավորություն ընձեռել  քաղհասարակությանն ու  քաղաքացիներին  մասնակցելու իրենց վերաբերելի որոշումների ընդունման գործընթացին: Նշվել է, որ օրենսդրությամբ քաղաքականությունների մշակման գործընթացում հանրային մասնակցության ապահովման մի շարք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմներ արդեն  սահմանված են: Սակայն, արձանագրվել են մի շարք խնդիրներ իրավական կարգավորումների կիրարկման, գործնականում արդյունավետ եւ բովանդակալից մասնակցության ապահովման տեսանկյունից:

Ռուստամ Բաքոյանը պատասխանել է կենտրոնի ներկայացուցիչների հարցերին՝ մանրամասնելով օրենսդրական նախաձեռնության իրականացման փուլերը, աշխատանքային քննարկումներ, խորհրդարանական լսումներ կազմակերպելու ընթացակարգերը:

Կենտրոնի իրավաբան- փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումները «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի վերաբերյալ: Նշվել է, որ առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն երկու օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ:

Կողմերն ակտիվորեն փոխգործակցելու պատրաստակամություն են հայտնել:

Leave a Comment