Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026թ. հունիս ամիսը ներառյալ։ Բացի այդ, նախագծով հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ին ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) նախատեսված է մինչև 2026թ. մարտ ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվելու է մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ, որի արդյունքում 18.02.2026թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2026թ. ապրիլի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ:
Կարգավորման առարկան
Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026թ. հունիս ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Բյուջետային ազդեցություն
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 20 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2026 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար կազմում է 18.000.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 9-րդ կետի պահանջների արդյունավետ ապահովման, ի դեմս՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության բարձրացումը Կառավարության ուշադրության կենտրոնում գտնվելու, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ ստանալու հետ: