Հայ աթլետները հաջող ելույթներ են ունեցել Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների մարզասրահի առաջնությունում. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները հաջող ելույթներ են ունեցել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների մարզասրահի առաջնությունում՝ նվաճելով երկու ոսկե մեդալ և սահմանելով անձնական ռեկորդներ:
Ինչպես տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք՝ գրավելով առաջին հորիզոնականը, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանն անգերազանցելի է եղել 1500 մետր մրցատարածությունում՝ ոսկե մեդալ նվաճելով 3:42.29 րոպե արդյունքով:
Մրցաշարում հաջող է հանդես եկել նաև Ռազմիկ Ղազարյանը, որը եռացատկում ցույց է տվել 16.21 մետր արդյունք՝ սահմանելով անձնական ռեկորդ և լրացնելով սպորտի վարպետի նորման:
Հայաստանն առաջնությունում ներկայացրել են նաև վազորդներ Սամվել Գևորգյանը, Գոռ Հարությունյանը, Ռոման Ալեքսանյանը և Ստյոպա Անդրեասյանը:
Ըստ ԿԳՄՍՆ հաղորդագրության, հավաքականի առաջատարներից Լևոն Աղասյանը, որը վերջերս Ղազախստանում դարձել էր արծաթե մեդալակիր, առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել բաց թողնել Բելգրադի առաջնությունը։