Վրաստանի կառավարությունն արգելել է մշտական բնակության թույլտվություն չունեցող օտարերկրացիներին աշխատել գիդ, առաքիչ և տաքսու վարորդ, հայտնում է Business Media պարբերականը:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել է հրամանագիր, որով հաստատվում են օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի թույլտվություն տրամադրելու կանոնները։
Կառավարությունը քվոտաների համակարգ է ներդրել՝ սահմանափակելով ծառայությունների ոլորտում աշխատող օտարերկրացիների թիվը։ Տարբեր ոլորտների համար սահմանվել են տարբեր քվոտաներ։ Առաքիչների, գիդերի և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների (տաքսի և հասարակական տրանսպորտ) համար սահմանված քվոտաները զրոյական են։
Սահմանափակումներից ազատված են բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնց աշխատավարձը գերազանցում է 15 հազար լարին (մոտ 5600 դոլար)։ Նոր կանոններն ուժի մեջ են մտնում մարտի 1-ից։ Վրաստանում արդեն աշխատող օտարերկրացիներին տրամադրվել է անցումային շրջան․ առաքիչների/վարորդների նկատմամբ հարկադիր կիրառման մեխանիզմը կգործի 2026 թվականի մայիսի 1-ից։ Մնացած օրինական աշխատանքային միգրանտները պետք է իրենց կարգավիճակը թարմացնեն մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։
«Մենք սահմանել ենք այն ոլորտները, որտեղ օտարերկրացիների զբաղվածությունը հնարավոր է և որտեղ՝ ոչ նպատակահարմար։ Սա կարևոր է, որպեսզի զբաղվածության հարցում մեր քաղաքացիների համար չափազանց մեծ մրցակցություն չստեղծվի։ Որոշմամբ սահմանվել են քվոտաներ, այդ թվում՝ կոնկրետ դեպքերում զրոյական քվոտաներ, ինչը նշանակում է, որ առանձնացվել են ոլորտներ, որտեղ ոչ ոք չի կարող մրցակցել մեր քաղաքացիների հետ աշխատանքի հարցում։ Կարծում եմ՝ առավելագույնս պաշտպանել ենք մեր քաղաքացիների աշխատանքային շահերը», — հայտարարել է Կոբախիձեն։
Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում առնվազն 20 հազար ապօրինի միգրանտ կա։ Մարդահամարի տվյալներով՝ 3,9 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում ապրում է 257 հազար օտարերկրացի։
