Նորվեգիայի գերիշխանությունը․ ավարտվեցին ձմեռային Օլիմպիական խաղերը

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը պատմության մեջ կմնան որպես նորվեգական սպորտի գերիշխանության ժամանակաշրջան: Սկանդինավյան այս երկրի հավաքականը ոչ միայն հաղթեց թիմային հաշվարկում, այլև գերազանցեց նախկինում հենց իր կողմից սահմանված պատմական ռեկորդները։

Այս խաղերում ընդհանուր առմամբ խաղարկվեց մեդալների 116 հավաքածու: Նորվեգիայի ընտրանին այս մրցապայքարում վաստակեց՝ 41 մեդալ, որից 18-ը՝ ոսկե, 12-ը՝ արծաթե և 11-ը՝ բրոնզե։ Այս ցուցանիշով նորվեգացիները թարմացրին միանգամից երկու ռեկորդ՝ թե՛ ոսկե պարգևների (գերազանցելով 2022 թվականի իրենց իսկ 16 ոսկին), թե՛ նվաճած մեդալների ընդհանուր քանակով (2018-ի 39 մեդալի դիմաց այժմ ունեն 41)։

Նորվեգական հրաշքի կերտման գործում անգնահատելի է 29-ամյա դահուկավազորդ Յոհանես Կլեբոյի դերը։ Մասնակցելով վեց մրցաձևի՝ նա գրանցեց հարյուրտոկոսանոց արդյունք՝ հայրենիք տանելով 6 ոսկե մեդալ։ Այս ֆանտաստիկ նվաճման շնորհիվ Կլեբոն դարձավ 11-ակի օլիմպիական չեմպիոն՝ Օլիմպիական խաղերի պատմության բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկների ցանկում հաստատվելով երկրորդ հորիզոնականում։ Այժմ նա զիջում է միայն ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելպսին, որն իր ակտիվում ունի 23 ոսկե մեդալ։

Թիմային ընդհանուր հաշվարկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը՝ նվաճելով 33 մեդալ (12 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե)։ Լավագույն եռյակը եզրափակեց Նիդերլանդների թիմը, որի մարզիկները վաստակեցին 10 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալներ։

Leave a Comment