Քննչական կոմիտեն մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ կաթողիկոսությունը, ինչպես նաև Էջմիածնի գանձերը ՀՀ-ից դուրս բերելու Վեհարանի «բարձրաստիճան հոգևորականների մի շրջանակի փորձերի» մասին հայտարարությունների շուրջ հնարավոր քրեական վարույթների մասին տեղեկությունը։
Կոմիտեում քրեական վարույթներ են իրականացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առերևույթ հափշտակություններ կատարելու, եկեղեցուն պատկանող դրամական միջոցներ յուրացնելու դեպքի առթիվ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս․ Սուքիասյանը։
Ըստ հարցման պատասխանի՝ վարույթներ են հարցուցված ՔՕ 254 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (գողություն՝ պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով), ՔՕ 256 հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասով (պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով) և ՔՕ 301 հոդվածով (պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով)։
Հարցման պատասխանի մեջ նշված է, որ պաշտոնյաների հայտարարությունները հիմնավորվում են վերջին՝ 301-րդ հոդվածով հարուցված գործով, սակայն պարզաբանված չէ, թե ովքեր են անցնում գործով և ինչ կարգավիճակ ունեն։ Մեր հարցման այլ կետերի վերաբերյալ ՔԿ-ն տեղեկություններ չի հայտնել՝ նշելով, որ դրանք հանդիսանում են նախաքննական գաղտնիք։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում՝ Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել: Դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտը։
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։ Փետրվարի 17-ին ԶԼՄ-ները գրել էին, որ կաթողիկոսը հրաժարվել էր հարցաքննվել։
Արաքսյա Սնխչյան
Դիտեք նաև՝
Եպիսկոպոսաց հավաքը կալանքների ներքո
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
