23 փետրվարի 2026 – 16:16 AMT
PanARMENIAN.Net – Առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախաշեմին ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավորապես փոխել իրենց հաշվառման վայրը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն, քաղաքացիները կարող են դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչություն իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և գտնվելու վայրի ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկվելու համար։
Դիմումը կարելի է ներկայացնել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է հաստատվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից դիմելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նոտարական վավերացմամբ լիազորագիր։
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: