Հաշտեցման ուղին բարդ է Բաքվում 19 հայի պահման պատճառով․ Միրզոյան – Armenia Today

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ուղին բարդ գործընթաց է Բաքվում 19 հայերի պահման պատճառով, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ տասնամյակներ տևած հակամարտություններից և մարդասիրական ճգնաժամերից հետո կողմերը քայլեր են ձեռնարկում կայուն խաղաղություն կառուցելու ուղղությամբ, սակայն գործընթացը բարդանում է, քանի որ կա նաև անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն։

Միրզոյանը շեշտել է նաև, որ միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։

Բաքվում պաշտոնական տվյալներով 19 հայ գերի կա, որոնց թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները։ Արցախի առաջնորդների շինծու դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։

Գործով անցնող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին Բաքուն փետրվարի 5-ին՝ ավելի վաղ, դատապարտել էր ցմահ ազատազրկման։

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել էին 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել:

Leave a Comment