Նաթանյահուն Մերձավոր Արևելքում և նրա շուրջ Հնդկաստանի մասնակցությամբ «վեցնյակի ալյանս» է անոնսավորել. ի՞նչ կտա այն Հայաստանին




1in.am Եկող շաբաթ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կայցելի Իսրայել: Այդ մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները: Փետրվարի 19-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնական եռօրյա այցով մեկնել է Հնդկաստան և վարչապետ Մոդիի հետ ստորագրել երկու երկրների հարաբերությունները գլոբալ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին հռչակագիր: Այս համատեքստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն սենսացիոն բացահայտում է արել:


 


Փետրվարի 22-ին նա հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և նրա շուրջ ստեղծվում են «ռազմավարական ալյանսներ»: Այդ մասին հայտնել է Israel Inside-ը: Ըստ այդմ, Նաթանյահուն անոնսավորել է պետությունների «յուրօրինակ վեցյակի ստեղծումը, որ կներառնի Հնդկաստանը, մի շարք ասիական երկրներ, արաբական պետություններ, ինչպես նաև Հունաստանը և Կիպրոսը»: Իսրայելի վարչապետը խոստացել է ավելի հանգամանալի տեղեկություն տրամադրել «մի փոքր ավելի ուշ»:


 


Բայց «վեցյակի ալյանսի» ձեւավորման նպատակը նա գաղտնազերծել է՝ ասելով, որ Իսրայելը «լրջագույն հարված է հասցրել տարածաշրջանի շիադավան առանցքին և չի կարող հանդուրժել, որ փոխարենը ստեղծվի սուննի ագրեսիվ առանցք»: Ակնարկն, անկասկած, հասցեագրված է Թուրքիային: Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլորովին վերջերս այցել է Սաուդյան Արաբիա և Եգիպտոս: Թուրքիան նաև ռազմավարական համագործակցությունի Պակիստանի հետ: Ամենայն հավանականությամբ, Նաթանյահուն «սուննի ագրեսիվ առանցք» ասելիս նկատի է ունենում Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան դաշինքը, որին կարող է հարել նաև Եգիպտոսը:


 


Եթե «վեցյակի ալյանսի» կազմավորվում է Հնդկաստանի մասնակցությամբ, ուրեմն այն առաջին հերթին Մերձավոր Արևելքում Պակիստանի ազդեցությունը հակակշռելու խնդիր ունի: Հունաստանի և Կիպրոսի մասնակցությունը, եթե անգամ այս մասին բոլորը լռեն, ընկալվում է որպես Թուրքիայի հավակնությունների զսպում: Նաթանյահուն, այսպիսով, բացահայտել է, որ Մերձավոր Արևելքում և նրա շուրջ ձևավորվում է Թուրքիայի նորօսմանական արտաքին քաղաքականությունը «սանձահարող» ռազմաքաղաքական դաշինք, որի առանցքային դերակատար կլինի Հնդկաստանը:


 


Անվտանգային դաշինքների մասին, որպես կանոն, մասնակիցները նախապես չեն հայտարարում: Իսրայելի վարչապետը չափազանց փորձառու գործիչ է, որպեսզի «բերանբացություն թույլ չտա»: Կարելի է եզրակացնել, որ Հնդկաստանի վարչապետի Իսրայել այցի արդյունքներով կողմերը միջազգային քաղաքականության առումով խիստ կարևոր փաստաթուղթ են ստորագրելու, որ դաշնակից երկրների համար լինելու է «բաց»: Ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը «եռյակ դաշինք են կնքում»:


 


Իսրայելի նախաձեռնած «վեցյակի ալյանսը» ներգրավելո՞ւ է Ֆրանսիա-Հնդկաստան գլոբալ ռազմավարական գործընկերությանը, արաբական և ասիական ի՞նչ երկրներ են միանալու դրան: Այս հարցերի շուրջ, երևի, հնաարվոր կլինի դատողություններ անել Մոդիի Իսրայել այցից տեղեկությունների հիման վրա: Մի բան, թերևս, կարելի է արձանագրել, «վեցյակի ալյանսի» առանցքային երկրի՝ Հնդկաստանի, հետ Հայաստանի անվտանգային համագործակցությունը տեսանելի է: Հնարավո՞ր է Հնդկաստանի միջոցով հասնել հայ-իսրայելական սկզբունքային նշանակության բարելավման: Առաջիկայում Հայաստան կայցելի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:


Leave a Comment