Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում խոսել է Բաքվում պահվող գերիների մասին՝ խուսափելով «գերի և պատանդ» եզրույթներից

23 Փետրվարի, 2026

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում խոսել է Բաքվում պահվող գերիների և անհետ կարածների ճակատագրի մասին։ Ելույթում նա մասնավարապես նշել է, որ տասնամյակներ տևած զինված հակամարտություններից և մարդասիրական ճգնաժամերից հետո Հայաստանը և Ադրբեջանը վճռական քայլեր ձեռնարկեցին մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։

«Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև ճանապարհ հարթեց առևտրի, փոխկապակցվածության և մարդկանց միջև շփումների համար։ Այս ուղին կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնություններից անդին տանելու նպատակով մենք նաև սերմանում ենք մեր հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության հիմքերը։

Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Սա, անշուշտ, բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն, և միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։

Այնուամենայնիվ, Հայաստանը մնում է հաստատակամորեն հանձնառու շարունակելու այս ուղին՝ ապագային միտված հանգրվանին հասցնելու նպատակով այն գիտակցմամբ, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կձևավորի առավել նպաստավոր միջավայր հակամարտության հետևանքների հասցեագրման համար»,-ասել է Միրզոյանը։

Leave a Comment