23 փետրվարի 2026 – 14:11 AMT
PanARMENIAN.Net – Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը օրինական պատասխան է տալու ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում։
«Ես չեմ ասի, թե կոնկրետ ինչ ենք անելու։ Ակնհայտ է, որ մենք պաշտպանելու ենք մեզ։ Եթե ԱՄՆ-ն հարձակվի մեզ վրա, մենք կունենանք մեզ պաշտպանելու լիարժեք իրավունք։ Եթե ԱՄՆ-ն հարձակվի, դա կլինի ագրեսիայի ակտ, իսկ մեր պատասխան գործողությունները՝ ինքնապաշտպանություն»,-ասել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախարարը խոստովանել է, որ իրանական հրթիռները չեն կարող հասնել ԱՄՆ-ի տարածք, ուստի հնարավոր է համարվել միայն տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաների թիրախավորումը։ Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ ինքը դիվանագետ է և հանդես է գալիս խաղաղ լուծման օգտին։
Հնարավոր քայլերի շարքում նա առաջարկել է պարզեցնել ԱՄՆ-ի հետ ատոմային թեմայով պայմանավորվածությունը՝ այն սահմանափակելով միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի ամրագրմամբ և որոշ պատժամիջոցների վերացմամբ։ Նրա խոսքով՝ նախնական տարբերակը երկու երկրների ներկայացուցիչները կարող են քննարկել Ժնևում առաջիկա հինգշաբթի։
ԱԳ նախարարը ընդգծել է նաև, որ Թեհրանը չի հրաժարվելու ուրանի հարստացումից խաղաղ նպատակներով՝ դա համարելով իսլամական հանրապետության ինքնիշխան իրավունքը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հանձնարարել է մշակել գործողությունների փաթեթ իր հնարավոր սպանության դեպքում՝ Միացյալ Նահանգների հետ հավանական առճակատման պայմաններում, հաղորդել են ԶԼՄ-ները։
Ինչպես գրել է The New York Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, համապատասխան ցուցումները տրվել են հնարավոր սրացմանը նախապատրաստվելու շրջանակում, գրում է«Վեստի Կավկազա»-ն:
Բացի այդ, Համենեին հանձնարարել է մշակել քայլեր Իրանի պետական կառավարման համակարգի հնարավոր խափանման դեպքում՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախման պայմաններում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջադրանքների իրականացումը վստահվել է գերագույն առաջնորդի ամենամոտ վստահված անձանց սահմանափակ շրջանակին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին։
Բոլոր ռազմավարական նշանակության որոշումները նա փոխանցել է խորհրդարանի նախկին նախագահ և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։ The New York Times-ի տվյալներով՝ վերջին շրջանում նրա ազդեցությունը զգալիորեն աճել է։ Ներկայումս Լարիջանին մասնակցում է ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, վերահսկում է ներքին անվտանգության հարցերը և կապ պահպանում դաշնակիցների հետ։
Բացի այդ, գերագույն առաջնորդը հանձնարարել է ընտրել մինչև չորս հնարավոր փոխարինող երկրի ներսում իրավիճակի ապակայունացման դեպքում՝ իր մահվան դեպքում։
Հաղորդվել է, որ Համենեին արդեն նշել է երեք հավանական իրավահաջորդների, սակայն նրանց անունները չեն հրապարակվում։ Միևնույն ժամանակ, աղբյուրի խոսքով, Լարիջանին նրանց թվում չէ:
Ավելի վաղ գերմանական Bild պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Ջոն Կիրիակուին, հաղորդել էի, որ Վաշինգտոնը կարող է ռազմական հարված հասցնել Իրանին փետրվարի 23-ին կամ 24-ին։ Նրա խոսքով՝ այդ քայլը պաշտպանել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, մինչդեռ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հանդես են եկել դեմ։
Այս շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում սահմանափակ հարվածի հնարավորությունը։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ սկզբում ամերիկացիները կարող են թիրախավորել ռազմական կամ կառավարական օբյեկտներ։ Եթե դրանից հետո Թեհրանը չդադարեցնի ուրանի հարստացումը, ԱՄՆ-ն կարող է սկսել լայնածավալ գործողություն պետական կառույցների դեմ։
Իր հերթին Axios պորտալը փոխանցել է, որ Վաշինգտոնը նույնիսկ դիտարկել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեի և նրա որդու՝ Մոջթաբայի վերացման տարբերակը։