23 փետրվարի 2026 – 12:43 AMT
PanARMENIAN.Net – Երևանի փողոցներում ձնամաքրման արդյունքում կուտակված աղի և ավազի մնացորդների մաքրումը կավարտվի մեկ շաբաթում, քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:
«Երևանի փողոցներն ինտենսիվորեն մաքրվում են աղի և ավազի խառնուրդի մնացորդներից։ Աշխատանքները մի փոքր դանդաղում են, քանի որ կուտակված շերտը բավականին հաստ է և կոշտացած որոշ փողոցներում, ու դա հնարավոր է հեռացնել միայն տրակտորով և բահով։ Այդ տարածքները մաքրումից հետո կարգի են բերվում փոշեկուլ և ջրցան մեքենաներով»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Կատվալյանի խոսքով՝ նախորդ շաբաթ ԵԱՍՄ հիմնարկն օգտագործել է մոտ 70 միավոր տեխնիկա, իսկ վարչական շրջանները տրամադրել են 78 միավոր տրակտոր և ինքնաթափ մեքենա։
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին մայրաքաղաքում նախատեսված աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացված է։
«Նախատեսում ենք, որ այս շաբաթ վերջնական կավարտենք»,- ասել է ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ևս մեկ անգամ ճշտել է վերջնաժամկետներն ու հետաքրքրվել, թե արդյոք բոլոր վարչական շրջաններն անհրաժեշտ տեխնիկա տրամադրել են։ Կատվալյանը պատասխանել է, որ գրեթե բոլոր վարչական շրջաններն ապահովել են պահանջվող միջոցները։
Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել մեծաքանակ փոսերի առկայությունը Երևանի փողոցներում, որոնք ի հայտ են եկել ձյունը հալվելուն պես: Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Երևանում փոսալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում բիտումի պակաս չի եղել, բայց եղել են թերացումներ: