Պապոյան․ Պետական պարտքը բացարձակ թվերով ավելացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է

Պապոյան․ Պետական պարտքը բացարձակ թվերով ավելացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է

23 փետրվարի 2026 – 11:34 AMT

PanARMENIAN.Net – Ըստ նրա՝ դա նշանակում է, որ չնայած պետական պարտքը բացարձակ թվերով ավելացել է, բայց պասարկումը հեշտացել է

Հայաստանի պետական պարտքի բեռը կամ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017-ի համեմատ նվազել է 10%-ով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա հավելել է, որ, չնայած պետական պարտքը բացարձակ թվերով ավելացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է:

«Պարտք, պարտք, պարտք․․․ մի բան, որի մասին Հայաստանում վերջերս շատ են խոսում։ Ի վերջո, Հայաստանի պետական պարտքը ավելացե՞լ է, թե պակասել։ Հայաստանի պետական պարտքը 2017 թվականին կազմում էր մեր ՀՆԱ-ի 59 տոկոսը, այնինչ 2025 թվականին կազմում է մեր ՀՆԱ-ի 49 տոկոսը։ Այսինքն՝ մեր պետական պարտքի բեռը նվազել է, իսկ դա նշանակում է, որ պետական պարտքը մեր երկրում, չնայած բացարձակ թվերով ավելացել է, բայց դրա սպասարկումը հեշտացել է, և դա՝ որպես բեռ, մեր պետության և հայ ժողովրդի համար փոքրացել է ասել է նա տեսանյութում:

Նա նաև օրինակ է բերել երկու ընտանիք։

«Մեկն ունի ամսական ընդամենը 200,000 դրամ եկամուտ, բայց վարկ չունի, պարտք չունի, իսկ մյուսն ունի 100 միլիոն դոլար և ունի 20 միլիոն դոլարի վարկ։ Ո՞ր ընտանիքն է լավ ապրում, իհարկե, երկրորդը։ Հետևաբար, պարտքի բացարձակ ծավալը կարևոր չէ, կարևոր է, թե այն ինչ հատված է զբաղեցնում քո եկամուտների մեջ, իսկ Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է»․- ասել է նախարարը։

2025 թվականին Հայաստանի Համախառն ներքին արդյունքը կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն դրամ՝ 2024 թվականի համեմատ աճելով 7.18 %–ով։ Այդ մասին ասվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «2025 թ. համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան նախնական տվյալները» զեկույցում։ Մեկ շնչի հաշվով 2025 թվականին ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666.5 հազար դրամ։

Leave a Comment