Նյու Յորքում և ԱՄՆ մի քանի նահանգներում արտակարգ դրություն է – Armenia Today

ԱՄՆ հյուսիս-արևելքում ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Նյու Յորքում, ինչպես նաև Մասաչուսեթս, Կոնեկտիկուտ, Դելավեր, Նյու Ջերսի և Ռոդ Այլենդ նահանգներում, հայտնում է Reuters-ը։

Նյու Յորքում ժամանակավորապես արգելել է ոչ անհրաժեշտ տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Արգելքը չի տարածվում հանրային տրանսպորտի, դեղորայք, սնունդ և վառելիք տեղափոխող մեքենաների, ինչպես նաև կենսական նշանակության ծառայությունների վրա։

Նշվում է, որ Նյու Յորքում փակվել են բոլոր պետական դպրոցները, մի շարք գրասենյակներ անցել են արտակարգ ռեժիմի, ոչ հիմնական աշխատակիցներին թույլատրվել է աշխատել հեռավար։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ձյունը կարող է տեղալ ժամում 5-7,5 սմ ինտենսիվությամբ, իսկ քամու պոռթկումները՝ հասնել մինչև 110 կմ/ժ արագության։

Ձնաբուքը խաթարել է ճանապարհային և օդային հաղորդակցությունը՝ չեղարկվել են հազարավոր չվերթներ, հնարավոր են էլեկտրամատակարարման խափանումներ։ Իշխանությունների գնահատմամբ՝ փոթորկից կարող է տուժել շուրջ 54 մլն մարդ։

Նշվում է, որ սա տեղի է ունենում ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ 2026 թվականի հունվարին ԱՄՆ-ում հզոր ձմեռային փոթորկի հետևանքով զոհվել էր առնվազն 100 մարդ։

Leave a Comment