Մեքսիկայի զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը՝ երկրի խոշորագույն թմրանյութերի կարտելներից մեկի առաջնորդը, որն ավելի հայտնի էր «Էլ Մենչո» (El Mencho) մականունով։ Այս մասին, DW-ի փոխանցմամբ, հայտնել է Մեքսիկայի կառավարությունը։
Տարիներ շարունակ «Էլ Մենչոն» ղեկավարել է «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելը և համբավ է ձեռք բերել որպես երկրի ամենադաժան հանցագործներից մեկը, որը չէր վախենում պետական անվտանգության ուժերի հետ ուղիղ բախումներից, գրում է The New York Times-ը։ Կարտելը զբաղվում էր թմրանյութերի (առաջին հերթին՝ կոկաինի, մեթամֆետամինի և ֆենտանիլի) մատակարարմամբ ԱՄՆ։
NYT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Օսեգերան սպանվել է Խալիսկո նահանգի Տապալպա քաղաքում, որտեղ հիմնադրվել և տեղակայված էր նրա կարտելը։ Վաշինգտոնում Մեքսիկայի դեսպանատունը հայտնել է, որ ռազմական գործողության համար լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրել է Միացյալ Նահանգները։
Նահանգապետ Պաբլո Լեմուս Նավարոն սոցիալական ցանցերում հաստատել է կարտելի անդամների և Մեքսիկայի զինված ուժերի միջև բախումների փաստը՝ առանց մանրամասներ բացահայտելու։ Նրա խոսքով՝ ուժայինների հայտնվելուց հետո կարտելի հետ կապված անհայտ անձինք սկսել են այրել ավտոմեքենաներ և փակել ճանապարհները՝ փորձելով խոչընդոտել գործողությանը։
Խալիսկո նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։ Որոշ շրջաններում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, իսկ բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել շենքերը։ Հրկիզումների մի մասը տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Գվադալահարայում՝ քաղաքում, որտեղ ընդամենը մի քանի ամիս անց պետք է անցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Պուերտո Վալյարտայի և Գվադալահարայի օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում չվերթեր։ Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում երևում են ուղևորներ, որոնք փորձում են ապաստան գտնել օդանավակայանների շենքերում։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն «Էլ Մենչոյի» ոչնչացումը անվանել է «մեծ իրադարձություն Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար»։ Անկարգությունների ֆոնին Մեքսիկայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել Խալիսկո, Տամաուլիպաս, Միչոական, Գեռերո և Նուևո Լեոն նահանգներում գտնվող ամերիկացի քաղաքացիներին ապաստան գտնել և չլքել այն։
