21 փետրվարի 2026 – 14:11 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել բացառապես բոլոր երկրների համար: Նա այդ մասին հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
Դա նրա արձագանքն է Գերագույն դատարանի վճռին, որը սահմանափակել է նրա լիազորությունները ներմուծման սակագների սահմանման հարցում:
«Ինձ համար մեծ պատիվ է հենց նոր Օվալյան աշխատասենյակում ստորագրել բոլոր երկրների համար 10 տոկոս համընդհանուր մաքսատուրք սահմանելու մասին որոշումը, որն անմիջապես ուժի մեջ կմտնի։ Շնորհակալ եմ այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է Թրամփը։
Մինչ այդ Սպիտակ տանը հրատապ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել էր իր այդ մտադրության մասին՝ ընդգծելով, որ ազգային անվտանգության նկատառումներով ընդունված միջոցները շարունակելու են գործել։
Նա նաև աել է, որ դատարանի կողմից չեղարկված մաքսատուրքեր սահմանելու համար իրեն հարկավոր չէ ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը, գրում է BBC-ն:
«Ազգային անվտանգությանն առնչվող բոլոր մաքսատուրքերը մնում են ուժի մեջ, ամբողջությամբ ուժի մեջ (…): Այսօր ես (նաեւ) կստորագրեմ հրամանագիր, որով կսահմանվի համաշխարհային 10% մաքսատուրք արդեն կիրառվող սովորական մաքսատուրքերին հավելյալ»,-ասել էր նա:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ պատրաստվում է Գերագույն դատարանի կողմից անօրինական ճանաչված մաքսատուրքերը փոխարինել այլ, ավելի արդյունավետ մեխանիզմներով։ Բացի այդ, նա չի բացառել, որ որոշ երկրների համար սակագների չափը դատարանի որոշումից հետո կարող է նույնիսկ ավելի բարձր լինել։
«Կան երկրներ, որոնք երկար տարիներ մեզ վատ են վերաբերվել, և նրանց համար մաքսատուրքերը բարձր կլինեն։ Իսկ կան այլ երկրներ, որոնք իրենց շատ լավ են պահել, և նրանց համար սակագները բավականին չափավոր կլինեն»-,ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առավելագույնը 10–15 օր է հատկացրել Իրանի հետ «գործարքի համար»: Այդ մասին նա ասել է լրագրողներին ինքնաթիռում, դեպի Ջորջիա ուղևորվելիս։
Նա նշել է, որ 10 օրը բավարար կլիներ, իսկ 15 օրը վերջնաժամկետն է։ Նա ընդգծել է, որ գործարքը կկնքվի «այս կամ այն կերպ»: