21 փետրվարի 2026 – 14:59 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականին Հայաստանի Համախառն ներքին արդյունքը կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն դրամ՝ 2024 թվականի համեմատ աճելով 7.18 %–ով։ Այդ մասին ասվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «2025 թ. համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան նախնական տվյալները» զեկույցում։
Մեկ շնչի հաշվով 2025 թվականին ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666.5 հազար դրամ։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
2025թ. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666 հազ. 540 ՀՀ դրամ կամ 9474 դոլար։
ՀՆԱ-ի կառուցվածքում ավելացված արժեքի հարկը կազմել է 10 տրլն 112 մլրդ 690.9 մլն դրամ կամ 89.4 %՝ ապահովելով ՀՆԱ-ի աճին 6.14 % նպաստ։
Գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը 2025 թվականին կազմել են 898 մլրդ 008.3 մլն դրամ կամ 7.9 %՝ ՀՆԱ-ի աճին նպաստելով 0.41 %–ով։ Շինարարության ոլորտը ՀՆԱ-ում կազմել է 745 մլրդ 709.2 մլն դրամ կամ 6.6 %՝ տնտեսական աճին նպաստելով 1.48 %–ով։
Մեծածախ և մանրածախ առևտուրը կազմել են 1 տրլն 515 մլրդ 942.9 մլն դրամ կամ 13.4 %՝ ՀՆԱ-ի աճին նպաստելով 4.27 %–ով։
Ավելի վաղ Պապոյանը գրել էր․ «Կառավարության 2021-2026թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ցուցանիշը գերակատարված է և կազմում է 7․9%։ Սա մոտ 2․3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը»:
Դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր, որ 2025-ի տնտեսական աճը կլինի առնվազն 6 տոկոս: