Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարավային երկաթուղային կապի վերականգնումը կարող է ճանապարհի կրճատել 25%-ով՝ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու համեմատ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի պատվերով իրականացված լայնածավալ հետազոտության մեջ, որն ուսումնասիրում է Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարները:
Հետազոտության համաձայն՝ Եվրոպական միությունը Սև ծովի ավազանը և հարակից երկրները դիտարկում է որպես ռազմավարական դարպասներ, որոնք կապում են Եվրոպան Թուրքիայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ։ Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը, որն անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով, գնահատվում է որպես Եվրոպայի և Ասիայի միջև կայուն ու աշխարհաքաղաքական առումով դիմակայուն կապի ամենահեռանկարային ուղղություն, հատկապես Հյուսիսային միջանցքի հուսալիության նվազման պայմաններում:
Հայ-ադրբեջանական երկաթուղային կապի վերականգնման տնտեսական ներուժը
Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին զուգահեռ տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորությանը։ Ըստ վերլուծաբանների՝ Սյունիքով անցնող երթուղին, որը կարող է դառնալ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու վրացական հատվածի այլընտրանքը, զգալիորեն կբարելավի տարածաշրջանային տրանսպորտային հասանելիությունը: Այն ոչ միայն կկրճատի տարանցման ժամանակը, այլև կնպաստի առևտրային հոսքերի դիվերսիֆիկացմանը՝ թոթափելով գործող ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունը:
Հետազոտողներն ընդգծում են, որ նման կապերի վերականգնումը կամրապնդի տնտեսական համագործակցությունը, կխթանի անդրսահմանային առևտուրը և կբարձրացնի ամբողջ միջանցքի դիմակայունությունը։ Հայաստանի ընդգրկումը տրանսպորտային այս ցանցում կարող է էապես բարելավել երկրի կապը Եվրամիության հետ՝ բացելով արտահանման նոր շուկաներ և ապահովելով հումքի ավելի արագ ներմուծում:
