Իրանի իշխանությունները պատրաստում են գործողությունների ծրագիր և հրամանատարների ու քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի իրավահաջորդների ցուցակ՝ երկրի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածների դեպքում, հայտնել է New York Times-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) վեց բարձրաստիճան պաշտոնյաների և անդամների։
Նշվում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հրահանգներ է տվել, որոնք սահմանում են անձամբ իր նշանակած զինվորական հրամանատարների և քաղաքական գործիչների յուրաքանչյուր դերի համար իրավահաջորդության չորս մակարդակ։ Խամենեին նաև հանձնարարել է բոլոր առաջնորդներին նշանակել չորս տեղակալ։ Նա նաև պարտականությունները հանձնարարել է «վստահելի անձանց նեղ շրջանակին», ովքեր կարող էին որոշումներ կայացնել հաղորդակցման խնդիրների կամ Այաթոլլայի մահվան դեպքում։
«Խամենեին հանձնարարել է Լարիջանիին՝ Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականին և Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, և մի քանի մտերիմ քաղաքական ու ռազմական խորհրդականների ապահովել Իսլամական Հանրապետության գոյատևումը ոչ միայն ամերիկյան և իսրայելական ռմբակոծություններից հետո, այլև նրա բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ Խամենեիի դեմ ցանկացած մահափորձից հետո», -New York Times-ին ասել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաները և զինվորականները։
ԻՀՊԿ բարձրաստիճան պաշտոնյաները և զինվորական անձնակազմն ընդգծել են, որ Իրանը գործում է այն գիտակցմամբ, որ ԱՄՆ-ի հարվածները երկրի դեմ անխուսափելի են: Իրանի բոլոր ռազմական ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության: Երկրի իշխանությունները նաև բալիստիկ հրթիռների արձակման համակարգեր են տեղակայել Իրաքի հետ արևմտյան սահմանի և Պարսից ծոցի ափերի երկայնքով, ըստ ԻՀՊԿ երեք զինվորականների և չորս բարձրաստիճան պաշտոնյաների:
