Միջգերատեսչական հանձնաժողովի որոշման հիման վրա ևս 10 ընտանիք ստացել է հավաստագիր՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում։
Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջից։
Հիշեցնենք, որ այն անձինք, ովքեր ցանկանում են օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, պետք է ներկայացնեն հիմնավոր փաստաթղթեր այն մասին, որ տեղահանումից առաջ վերջին մեկ տարվա ընթացքում ապրել են Լեռնային Ղարաբաղում։
Ներկայացվող փաստաթղթերը կարող են վերաբերել կրթությանը, աշխատանքային գործունեությանը, առողջապահական ծառայություններից օգտվելուն կամ ֆինանսական գործարքների իրականացմանը։ Պարտադիր է ներկայացնել առնվազն երկու փաստաթուղթ, որոնք թվագրված կլինեն միմյանցից առնվազն վեց ամսվա տարբերությամբ։
Փաստաթղթերի իսկությունը գնահատելու իրավասությունը վերապահված է միջգերատեսչական հանձնաժողովին, որը, դրանց համապատասխանության և հավաստիության հաստատման դեպքում, կարող է անձին ճանաչել բացառապես բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։
Միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է նախաձեռնել իրավական կարգավորում, ըստ որի՝ եթե անհրաժեշտ տվյալները հնարավոր լինի նույնականացնել թվային միջավայրում, ապա լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջ չի լինի։
Ըստ առաջարկվող կարգավորման՝ հանձնաժողովը տվյալ անձի վերաբերյալ հարցումներ կիրականացնի համապատասխան տեղեկատվական շտեմարաններում, այդ թվում՝
- Ղարաբաղի անձնավորված հաշվառման համակարգում,
- եկամուտների վերաբերյալ տվյալների շտեմարանում (ներկայումս վարվող Պետական եկամուտների կոմիտեի կողմից),
- ինչպես նաև նախարարության կողմից վարվող դպրոցների կառավարման տեղեկատվական բազայում։
Եթե թվային հարթակներում առկա լինի տեղեկատվություն, որ անձը, օրինակ, աշխատել է կամ կրթություն է ստացել Ղարաբաղում, ապա որևէ լրացուցիչ, թղթային փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի։ Այսինքն՝ եթե նախկինում հիմք էին հանդիսանում բացառապես շոշափելի փաստաթղթերը, ապա այժմ հիմք կդառնան նաև պետական տեղեկատվական համակարգերում առկա թվային տվյալները։