Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» չի քննարկում կիսապաշտպան, հայազգի Արսեն Զախարյանի տեղափոխությունն այլ ակումբ, հայտարարել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։
Նա նշել է, որ ամառային տրանսֆերային պատուհանում չեն պատրաստվում բաժանվել Զախարյանից՝ չնայած վերջին խաղից հետո հնչած քննադատությանը։
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Օվիեդոյի» հետ 3:3 հաշվով ավարտված հանդիպմանը Զախարյանը խաղադաշտ էր դուրս եկել 77-րդ րոպեին։ Խաղից հետո սոցիալական ցանցերում նա քննադատության է ենթարկվել բաց թողած պահերի համար։
Մունդուատեն ընդգծել է, որ ակումբը չգիտի, թե ովքեր են հրապարակում բացասական մեկնաբանությունները։
«Գլխավոր մարզիչը նրա մասին խոսում է դրական։ Մենք ակնկալում ենք, որ Զախարյանը կշարունակի աճել մեզ հետ»,- ասել է նա։
Այս մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 17 խաղի բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 7,5 մլն եվրո։
