ՀՀ Սահմանադրությամբ պետության քաղաքականության հիմնական նպատակներն ու դրանց իրագործումը։
Հոդված 89․ Պետության քաղաքականության հիմնական նպատակները
Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`
1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.
2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը.
3) բնակարանային շինարարության խթանումը.
4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.
5) ծնելիության և բազմազավակության խթանումը.
6) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
7) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
8) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.
9) սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը.
10) տարածքային համաչափ զարգացումը.
11) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.
12) քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը.
13) անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը.
14) հիմնարար և կիրառական գիտության զարգացումը.
15) ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը.
16) բարեգործության խթանումը` մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով:
Հոդված 87․ Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները:
2. Կառավարությունը Սահմանադրության 156-րդ հոդվածով նախատեսված զեկույցի շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործման վերաբերյալ: