Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին քննադատել է պորտուգալական «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, ով Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին մեղադրել էր Լիսաբոնում գոլ խփելուց հետո երկրպագուներին պարով սադրելու համար։
«Ինձ համար խաղից հետո տեղի ունեցածն ավելի վատ երեւույթ էր։ Մոուրինյուն քննադատում էր Վինիսիուսին գոլը նշելու ձևի համար, որպեսզի վարկաբեկեր ֆուտբոլիստին։ Դա մեծ սխալ է առաջնորդի տեսանկյունից։
Մոուրինյոն հիշատակել էր Էյսեբիոյին, սակայն 60–ական թվականներին սևամորթ ֆուտբոլիստների համար շատ ծանր ժամանակներ էին։ Ես հանդիպել եմ Մոուրինյուի հետ աշխատած բազմաթիվ մարդկանց։ Նրանցից ոչ ոք Մոուրինյուի մասին վատ բան չի ասել։
Հասկանում եմ, որ նա պայքարում է իր ակումբի համար։ Գիտեմ, որ նա լավ մարդ է, բայց ես նաև լսել եմ ասուլիսում նրա քննադատությունը Վինիսիուսի հասցեին։ Այս դեպքում Ժոզեն սխալվել է։ Հույս ունեմ, որ ապագայում այդպիսի բան չի կրկնվի»,– Կոմպանիի խոսքերը մեջբերում է A Bola–ն։
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ռեալը» Լիսաբոնում «Բենֆիկային» հաղթել էր 1:0 հաշվով Վինիսիուսի գոլի շնորհիվ։ Գոլից հետո ֆուտբոլիստը մոտեցել էր անկյունայինի դրոշակին և սկսել պարել՝ առաջացնելով լիսաբոնյան ակումբի ֆանատների դժգոհությունը։ Վինիսիուսը հայտարարել էր, որ իրեն անվանել են «կապիկ»։