Փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից, ու մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկաններն ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և կասկածյալներից 2-ին հայտնաբերել։
Կայքի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, ով եկել է արդեն հանդիպման և առանց որևէ բան քննարկելու՝ միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չեն հաղորդվում։
