«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս ունի կանխել թիմում նկատվող անկումը։ Թիմը ձախողել է վերջին երկու հանդիպումները՝ նախ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում 0-4 հաշվով ծանր պարտություն կրելով Մադրիդի «Ատլետիկոյից», ապա Լա լիգայի շրջանակներում 1-2 հաշվով զիջելով «Ժիրոնային»։
Ֆլիկը մարզչական շտաբի և ֆուտբոլիստների մասնակցությամբ ընդլայնված ժողով է անցկացրել՝ ստեղծված իրավիճակը հանգամանորեն քննարկելու նպատակով։
Գերմանացի մասնագետը խաղացողներին հստակ հասկացրել է, որ մրցաշրջանի այս վճռորոշ հատվածում թիմն իրավունք չունի թուլացնելու տեմպերը։ Նա նշել է, որ ակնկալում է թիմի ճիշտ և արժանի արձագանքն արդեն իսկ հաջորդ հանդիպման ժամանակ։
Հատուկ խոսվել է նաև տակտիկական այն սկզբունքներին հետևելու կարևորության մասին, որոնք նախորդ մրցաշրջանում հաջողություն էին բերել «Բարսելոնային»։