Երբ դու ինքդ ես անփույթ գործում, մրցակիցը մտնում է խաղի մեջ․ «ԱԶ Ալկմարի» պաշտպան

«ԱԶ Ալկմարի» պաշտպան Վաուտեր Գուսը չափազանց հիասթափված է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փուլում «Նոայից» կրած պարտությունից: 21-ամյա ֆուտբոլիստը սկզբում փորձել է զսպել էմոցիաները, սակայն, ի վերջո, չի լռել՝ միաժամանակ ընդունելով նաև սեփական սխալները։

Խոսելով խաղից հետո հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին՝ Գուսը նշել է, որ առաջնահերթ խնդիրն այժմ կենտրոնացումն է պատասխան հանդիպման վրա.

«Երբ դու ինքդ ես անփույթ գործում, մրցակիցը մտնում է խաղի մեջ: Իրականում մենք ավելի լավ թիմ ենք, բայց մի քանի դրվագներում կորցրինք զգոնությունը, իսկ նրանք հենց դրան էին սպասում։ Հիմա կարող եմ հիմար պատասխաններ տալ, բայց փորձում եմ կոռեկտ մնալ։ Իրականում ես չափազանց հիասթափված եմ և փորձում եմ ինձ հանգիստ պահել»,-ասել է Վաուտեր Գուսը։

Գուսի համար լրացուցիչ հարված էր նաև որակազրկումը։ Խաղի ավարտից 20 րոպե առաջ նա դեղին քարտ է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի պատասխան հանդիպումը։

«Այդ պահին ես ինձ լիովին կորցրեցի։ Իրավունք չունեմ խոսելու մրցավարի մասին, բայց դա ինձ պարզապես հունից հանում էր։ Իհարկե, ես ինքս էլ պետք է ավելի լավ գործեի։ Այդ դեղին քարտից հետո ես տրվեցի հույզերին և շեղվեցի»,- եզրափակել է նիդերլանդցին։

Leave a Comment