Զինեդին Զիդանը կփոխարինի Դիդիե Դեշամին Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 53-ամյա մասնագետն արդեն բանավոր համաձայնության է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Սպասվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը հավաքականի ղեկը կստանձնի անմիջապես առաջիկա աշխարհի առաջնության ավարտից հետո։ Այս նշանակմամբ Զիդանը կվերադառնա մարզչական ակտիվ գործունեության՝ հնգամյա դադարից հետո։
Հիշեցնենք, որ Դիդիե Դեշամը Ֆրանսիայի ազգային ընտրանին գլխավորում է 2012 թվականից։ 2026 թվականի Մունդիալում, որը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը, ֆրանսիացիների մրցակիցները խմբային փուլում կլինեն Սենեգալի և Նորվեգիայի հավաքականները։ Խմբում երրորդ մրցակցի անունը հայտնի կդառնա անցումային խաղերի արդյունքներով։