Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զգուշացրել է Ուկրաինային, որ կարող է որոշում կայացնել դադարեցնել երկրի էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե այն չվերսկսի ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վարչապետը նշել է, որ Սլովակիան արդեն բարձրացրել է այս հարցը։ Օրբանը հիշեցրել է, որ Ուկրաինայի թշնամական գործողություններին ի պատասխան՝ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը և որոշել է արգելափակել ԵՄ-ի 90 մլրդ եվրոյի «պատերազմական վարկը»։
«Կա մեկ այլ հարց, որը ես այժմ ուշադիր ուսումնասիրում եմ։ Ուկրաինայի էլեկտրաէներգիայի զգալի մասը գալիս է Հունգարիայից, և եթե մենք դադարեցնենք դրա մատակարարումը, այնտեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Սլովակները երեկ բարձրացրել են այս հարցը, և անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կձեռնարկենք այս քայլը», – ասել է Օրբանը։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Ուկրաինայի և Հունգարիայի միջև հարաբերությունները թշնամական են դարձել և չեն բարելավվի մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։
