Հայտարարությունն անցնում է փաստաբանական համայնքի հետ հարաբերությունների ընդունելի սահմանները


Հասարակություն


Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը գրում է.

«Խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջով 2026թ. փետրվարի 20-ին տարածված հայտարարությունը` այն որակելով որպես փաստաբանների ու իրավապաշտպանների քննադատական խոսքը լռեցնելու և նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշում գործադրելու անթաքույց փորձ:

Բարձրագույն դատական խորհրդին վերագրվող այս հայտարարությունը անցնում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները: Ուստի նման գործելաոճը վտանգավոր է նաև փաստաբանական համայնքի և դատական իշխանության միջև արհեստական հակադրություն ստեղծելու հնարավորության առումով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումների:

 

«Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։

 

Բարձրագույն դատական խորհուրդը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, ապահովում է դատավորների անկախության երաշխավորումը և դատական իշխանության համբավի պաշտպանությունը։

Խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտի՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը»։


Leave a Comment