Կաթողիկոս․ Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը

Կաթողիկոս․ Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը

21 փետրվարի 2026 – 11:32 AMT

PanARMENIAN.NetԵկեղեցին և հոգևոր դասը, հակառակ բոլոր դժվարություններին, անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության: Այդ մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տարբեր երկրներից ժամանած ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ։

Նորին սրբությունն իր հայրական օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել ներկաներին՝ նրանց ազգանվեր գործունեության համար, և պատգամել է շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, ազգի զավակների արժանապատիվ ու ապահով կյանքի կերտման և մերօրյա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրները, իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական գործողությունները, որոնք խաթարել են եկեղեցականների բնականոն ծառայությունն ու հավատացյալների հոգևոր կյանքը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պատվիրակության անդամները հայտնել են իրենց աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ հայրապետին՝ ընդգծելով Հայոց եկեղեցու դարավոր ավանդն ու առաքելությունը հայոց պետականության ամրապնդման և ազգային ինքնության պահպանման գործում։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: Այդ պատճառով նա առցանց է հղել իր պատգամը Ավստրիայում տեղի ունեցած Եպիսկոպոսական հավաքին:

Leave a Comment