21 փետրվարի 2026 – 12:09 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շատերին գարնան զգացողություն է փոխանցել։ Որոշ համայնքներում արդեն նկատվում է գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում։ Սակայն օդերևութաբանական դիտարկումները և բազմամյա կլիմայական տվյալները ցույց են տալիս, որ փետրվարի վերջի տաքացումը կայուն գարնան հաստատում չի նշանակում»,-ասվում է գրառման մեջ:
Նա նշել է, որ բազմամյա դիտարկումների համաձայն՝ փետրվարի վերջին և նույնիսկ մարտի առաջին տասնօրյակում հաճախ արձանագրվում են. կարճատև, բայց ինտենսիվ ցրտահարություններ, ցուրտ հոսանքների ներխուժումներ, –3…-8°C նվազագույն ջերմաստիճաններ հովտային և նախալեռնային գոտիներում։
«Այս փուլում մթնոլորտային շրջանառությունը դեռ անկայուն է, և արևադարձային տաք օդային զանգվածները կարող են արագ փոխարինվել սառը արկտիկական ներխուժմամբ: Խորհուրդ ենք տալիս առայժմ խուսափել ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներից՝ ծառերի վաղ էտումից և բողբոջման խթանումից։
Հ.Գ. Ամերիկյան GEFS անսամբլային կանխատեսման համակարգը, որը համադրում է 30 առանձին կանխատեսումների արդյունքներ մեր տարածշրջանի զգալի մասում մարտի 1-6-ը ջերմաստիճանը կանխատեսում է նորմայից 1-3 աստիճանով ցածր: Ջերմաստիաճանի համեմատաբար ցածր ֆոնին կարող է նպաստել նաև հանրապետության լեռնային շրջաններում կուտակված ձնածածկույթը»,-նշել է նա։