ԱՄՆ-ն տասնյակ ռազմական ինքնաթիռներ է տեղակայել Հորդանանում․ NYT



ԱՄՆ-ն ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայում։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հիմնվելով արբանյակային լուսանկարների և թռիչքային տվյալների վրա։

Ինչպես նշվում է, սա մոտ երեք անգամ գերազանցում է այն ինքնաթիռների քանակը, որոնք սովորաբար գտնվում են այնտեղ։ Բացի այդ, օդանավերը կարող են տեղակայված լինել նաև անգարներում, նշում է պարբերականը։ Նրա տվյալներով՝ կիրակի օրվանից սկսած բազայի տարածքում վայրէջք է կատարել առնվազն 68 տրանսպորտային ինքնաթիռ։ Բազայում գտնվող տեխնիկայի թվում նկատվել են հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ։

The New York Times-ի գնահատմամբ, ռազմական այս կուտակումը կարող է ցույց տալ, որ ԱՄՆ-ն Մուվաֆաք Սալթիի ավիաբազան համարում է «Իրանի դեմ հնարավոր հարվածներ պլանավորելու հիմնական կենտրոնը»։

Ավելի վաղ Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին հայտարարել էր, որ իր երկիրը չի դառնա պլացդարմ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment