«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մասին՝ այն անվանելով ամենախոստումնալիցներից մեկը։
Կարապետյանը ոլորտի զարգացման համար երեք քայլ է առաջարկում՝ լուրջ կրթություն, փորձ մեծ ընկերություններում և լավ աշխատանք, որպեսզի պրոֆեսիոնալները մնան Հայաստանում։
Նա նշել է, որ «Թումոյի» շրջակայքը պլանավորում են վերածել բարձր տեխնոլոգիական կլաստերի, որտեղ կգործեն միջազգային ամենամեծ ընկերությունները, բարձր տեխնոլոգիաների ծրագրավորման ամենաժամանակակից դպրոցները և վերապատրաստման կենտրոնները։
«Սա է մեր տեսլականը, ստեղծել գոտի Հայաստանում, սիլիկոնային ավան և նաև կունենանք լավ միջավայր, որի արդյունքում ծրագրավորողները հնարավորություն կունենան պլանավորեն իրենց ապագան և մնան մեր երկրում»,- հավելել է Կարապետյանը։
Նա նաև անդրադարձել է Հայաստանում դեղերի գներին և նշել, որ պետությունը չի վարում դեղերի գները նվազեցնելու քաղաքականություն։ Կարապետյանը շեշտել է, որ հնարավոր է դեղերի գինը 20%-ով իջեցնել՝ հավասարվելով Վրաստանի գներին։
Կարապետյանը խոսել էր նաև Հայաստանում ձմռանը գյուղմթերքների գների իջեցման ուղիների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի զարգացման մասին։
«Տաշիր Արենայում» փետրվարի 25-ին տեղի կունենա երիտասարդների հանդիպումն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորողի հետ: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Փետրվարի 10-ին կուսակցության նախագահ էր ընտրվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը։ Կուսակցության համագումարում որոշում էր կայացվել վարչապետի թեկնածու առաջադրել Սամվել Կարապետյանին։ Փետրվարի 15-ին հայտնի էր դարձել, որ կուսակցության ցուցակն ընտրություններում կգլխավորի Կարապետյանի եղբորորդին՝ շարժման համակարգողը՝ որպես «անցումային համակարգող»։
