ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) պատրվակով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած ներմուծման մաքսատուրքերը գերազանցում են նախագահի լիազորությունների շրջանակը։
Այսպիսով, դատարանը հաստատել է ստորին դատարանի որոշումը։ Վեց դատավոր քվեարկել է դատավճռի օգտին, իսկ երեքը՝ դեմ։
«Կառավարությունը արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը (IEEPA) մեկնաբանում է որպես նախագահին միակողմանիորեն անսահմանափակ մաքսատուրքեր սահմանելու և դրանք սեփական հայեցողությամբ փոփոխելու հնարավորություն։ Նման մեկնաբանությունը կնշանակեր մաքսատուրքային քաղաքականության նկատմամբ նախագահի լիազորությունների զգալի ընդլայնում»,- նշվում է դատարանի որոշման մեջ։
«Հատկանշական է, որ IEEPA-ի գոյության 50 տարիների ընթացքում ոչ մի նախագահ այն չի օգտագործել մաքսատուրքեր սահմանելու համար, առավել ևս նման մասշտաբով»։ Պատմական նախադեպի բացակայությունը, զուգորդված պետության ղեկավարի կողմից պահանջվող լիազորությունների լայն շրջանակի հետ, ցույց է տալիս, որ մաքսատուրքերը գերազանցում են նախագահի «օրինական լիազորությունները»,- նշվում է որոշման մեջ։
Միաժամանակ, Գերագույն դատարանը չի ճշտել՝ արդյոք վարչակազմը պե՞տք է վերադարձնի նախկինում հավաքված մաքսատուրքերը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի մասին: Օգոստոսի 29-ին Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը որոշեց, որ նախագահը լիազորություններ չունի իր հայտարարած մաքսատուրքերից շատերը սահմանելու համար: Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ վարչակազմը միջնորդություն ներկայացրեց Գերագույն դատարան՝ այդ որոշումը չեղյալ համարելու համար: