ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը փետրվարի 20-ին հանդիպել է «Եվրամիությունը եւ նրա Արեւելյան հարեւանները: Իրավունք, քաղաքականություններ եւ քաղաքականություն» միջազգային դասընթացի մասնակիցների հետ, որոնք Երեւանում են ակադեմիական ուսումնական այցի շրջանակում:
Հանդիպումը Եվրասիա միջազգային համալսարանի ԵՄ Ժան Մոնեի իրավական ուսումնասիրությունների եւ իրավական եվրոպականացման ամբիոնի կազմակերպած ծրագրի ինստիտուցիոնալ ներգրավվածության բաղադրիչի մաս է:
«ԵՄ-ն եւ նրա Արեւելյան հարեւանները: Իրավունք, քաղաքականություններ եւ քաղաքականություն» դասընթացի նպատակը ԵՄ արտաքին գործողությունների ուսումնասիրությունն է Արեւելյան գործընկերության առանցքային հիմնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դերակատարների հետ՝ ակադեմիական ուսումնասիրությունը եւ քաղաքականության պրակտիկան միավորելու գաղափարով:
Հանդիպումն ուսանողներին եւ սկսնակ մասնագետներին հնարավորություն է տվել ծանոթանալու Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափին:
Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները՝ ուշադրությունը կենտրոնացնելով Եվրամիություն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ԵՄ օրենսդրության մոտարկմանը, օրենքի գերակայության եւ կառավարման բարեփոխումներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առաջխաղացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին:
Մասնակիցները մտքեր են փոխանակել տարբերակված ինտեգրման, սահմանադրական վերափոխման եւ բարդ աշխարհաքաղաքական միջավայրում ներքին օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացում առկա մարտահրավերների վերաբերյալ: