Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ «Բարսելոնան» չի կաշառել մրցավարներին, ինչում նրանց մեղադրում են Նեգրեյրայի գործով։
«Մենք ապրում ենք օրենքի գերակայությամբ կառավարվող պետությունում, և կանոնները այնպիսին են, ինչպիսին կան։ Մենք [Լա Լիգան] առաջինը դիմեցինք դատախազություն [Նեգրեյրայի գործի վերաբերյալ], այլ ոչ թե «Ռեալ Մադրիդը»։ Մենք շարունակում ենք հետևել օրենքին։ Սպորտային օրենքը սահմանում է երեք տարվա վաղեմության ժամկետ։ Այնուամենայնիվ, պարզ է, որ «Բարսելոնան» չի վճարել մրցավարներին, գոնե այդպես է թվում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» մեղադրանք է առաջադրվել Տեխնիկական մրցավարների կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրային կաշառելու գործով: Նեգրեյրան աշխատում էր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայում (RFEF): «Բարսելոնան» մեղադրվում է 2001-2018 թվականներին կաշառք վճարելու մեջ, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 8.4 միլիոն եվրո։
CTA-ի նախկին փոխնախագահը հերքում է, որ կաշառք է ստացել մրցավարների վրա ազդելու համար: