Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով հիմնական դատալսումները կմեկնարկեն մարտի 10-ին

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատավոր Մուշեղ Արամյանը փետրվարի 20-ի նիստում նախնական դատալսումների փուլը համարեց ավարտված և տեղեկացրեց, որ այս գործով հիմնական դատալսման փուլը կսկսվի մարտի 10-ին՝ ժամը 14:00-ին:

Գրիգորյանը սպանվել է 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ իր նորակառույց տան մոտ։ Նրա հետ միասին սպանվել է Ոստիկանության քրեական հետախուզության ծառայող, Գրիգորյանի ընկեր Կարեն Աբրահամյանը, ով դեպքի պահին եղել է նրա հետ՝ ոչ ծառայողական պարտականություններ կատարելիս։

Ըստ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, մեղադրյալն ինքնախոստովանական ցուցմունքում նշել է, որ սպանության պատճառը վրեժխնդրությունն է եղել։ Այն կապվում է 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ, երբ զոհվել էր Գրիգոր Օհանյանը՝ Նարեկ Օհանյանի եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը, հանդիսանում է փետրվարյան սպանության գործով մեղադրյալ և գտնվում է տնային կալանքի տակ։
2026 թվականի հունվարին գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Leave a Comment