Դանիելյան․ Մարդիկ ահազանգում են, որ հոսանքի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի

Դանիելյան․ Մարդիկ ահազանգում են, որ հոսանքի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի

20 փետրվարի 2026 – 18:10 AMT

PanARMENIAN.Net – Քաղաքացիներն ահազանգել են, որ էլեկտրաէներգիայի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ բարձր վճարներ արձանագրվել են նաև այն դեպքերում, երբ բնակիչները նշված ամիսներին հիմնականում բացակայել են տնից։

«Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեկտեմբեր և հունվար ամիսներին էլեկտրաէներգիայի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի։ Նույնիսկ այն քաղաքացիների դեպքում, որոնք այս ամիսներին մեծամասամբ բացակայել են տանից, կազմել է բավականին մեծ գումար»,-գրել է նա՝ հավելելով, որ Սա տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում։

«Այդ ինչպե՞ս են հաշվել էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հաշիվներն այն դեպքում, երբ սպառման ծավալների փոփոխություն չի եղել։

Ինչպես Էրեբունի համայնքում օրեր շարունակ էլեկտրականության անջատման և փոխհատուցման անհրաժեշտության, այնպես էլ այս հարցով դիմել էի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Խնդրի վերաբերյալ ՀԾԿՀ-ն տվել է ոչ բավարար պատասխան՝ հայտնելով, որ 2026 թվականի հունվար ամսին Հանձնաժողով ներկայացվել է նմանօրինակ ընդամենը 1 դիմում։

Մեր այն հայրենակիցները, որոնք բախվել են խնդրին, կխնդրեմ, որպեսզի արձագանքեն մեկնաբանություններում․ գուցե այսպես «ՀԷՑ»-ի և ՀԾԿՀ-ի համար ավելի տեսանելի դառնա հանրային դժգոհությունը։

Հետևողական եմ լինելու, որպեսզի հարցն, ի վերջո, պարզաբանվի։ Մեր հայրենակիցները թալանի միջոց չեն»,-գրել է նա։

Ավելի վաղ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ երկար տարիներ ՀՀ-ում գործող էլեկտրաէներգիայի բարձր սակագնի մեջ ներառվել են ներդրումային ծրագրերի այնպիսի ծախսեր, որոնք իրականացվել են փակ տնտեսական մոնոպոլ համակարգով՝ շուկայական արժեքներից բազմապատիկ բարձր գներով, և այդ ամենի վճարողը եղել է ՀՀ քաղաքացին՝ սակագնի տեսքով։

Leave a Comment