20 փետրվարի 2026 – 16:05 AMT
PanARMENIAN.Net – Երևանում փոսալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում բիտումի պակաս չի եղել, բայց եղել են թերացումներ, ասել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Նա նաև հայտնել է, որ նախկինում փետրվար ամսին փոսալցումներ չեն կատարվել:
«Ունենք հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում։ Ունենք դեպքեր, մասնավորապես՝ այսօր պարզել ենք, որ Վարդանանց փողոցում փոսալցում կատարվել է առանց բիտումի։ Այդ ասֆալտը քանդվելու է և ամբողջությամբ շինարարի հաշվին, այսինքն՝ քաղաքապետարանն այդտեղ գումար չի ծախսելու, և ստանալու են այն փոսալցումը, որ նախատեսված է ավագանու որոշումներով ու ընթացակարգերով», – ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:
Ըստ փոխքաղաքապետի, աննախադեպ ձյան քանակի պատճառով շատ աղ է օգտագործվել:
«2025-ին 2․5 անգամ ավելի շատ է աղուավազով մշակում եղել՝ պայմանավորված առատ ձնով։ Աննախադեպ ձյան քանակ է եղել վերջին 10 տարվա մեջ», – ասել է նա։
Նրա խոսքով՝ այն փողոցներում, որտեղ 2024-2025 թվականներին իրականացվել են միջին նորոգման և փոսալցման աշխատանքներ, գրեթե չեն արձանագրվել փոսեր չնայած նույն ծավալի աղ և ավազ կիրառելուն։
Փամբուխչյանը հայտարարել է, որ ֆորսմաժորային պայմաններում կիրառվել են հրատապ լուծումներ։ «Փետրվար ամսին առհասարակ փոսալցումներ տեղի չեն ունեցել՝ մի քանի պատճառով. մի կողմից եղանակը, մյուս կողմից՝ շինարարական կազմակերպությունները ձմռան ամիսներին սկսում են վերազինում իրենց ասֆալտի գործարաններում և այնպես են հաշվարկում, որ ավարտվի մարտի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ եղանակային պայմանները կբարելավվեն և կիրականացվի ասֆալտապատում։
Բայց այն ֆորսմաժորային իրավիճակը, որ ունեցանք՝ եղանակային պայմաններից ելնելով՝ առատ ձյան հետևանքով և մեծ քանակի աղ ու ավազով մշակման հետևանքով, խնդրանքի կարգով մեկ շինարար կարողացավ վերակառուցել գործարանն ու աշխատացնել։ Եթե չեմ սխալվում՝ օրերս երկրորդ գործարանն է սկսել գործել։ Մենք իրականության մեջ գործել ենք ֆորսմաժորային իրավիճակում ու տվել ենք հրատապ լուծումներ, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից», – ասել է նա։
Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել մեծաքանակ փոսերի առկայությունը Երևանի փողոցներում, որոնք ի հայտ են եկել ձյունը հալվելուն պես: