Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է մայրաքաղաքի փոսալցման աշխատանքներին, առաջիկա պլաններին, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին:
Փամբուխչյանը նշել է, որ 2025-2026 թվականների ձմռանը Երևանում 2024 թվականի համեմատ 2,5 անգամ ավելի շատ աղ և ավազ է օգտագործվել փողոցները մաքրելու համար, ինչն ըստ նրա՝ պայմանավորված է եղել եղանակային պայմաններով:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ճանապարհների բազմաթիվ փոսերը ձմռանը ձյունը աղով մաքրելու հետևանք են, և խոստացել էր սկսել փոսալցման աշխատանքներ:
Փամբուխչյանը, պատասպանելով Armenia Today-ի հարցին, թե որքան գումար է հատկացված ճանապարհաշինության համար, նշել է, որ 2026 թվականին ճանապարհների միջին նորոգման համար նախատեսված է 1.7 միլիարդ դրամ, իսկ փոսային աշխատանքների համար՝ 1.1 միլիարդ դրամ: Ըստ նրա՝ պլանավորված աշխատանքների ցանկում են Գարեգին Նժդեհի, Տիգրան Մեծի, Ագաթանգեղոսի, Դեմիրճյանի փողոցները, Եղվարդի խճուղին, Արամ Խաչատրյանի և Վիկտոր Համբարձումյան փողոցները: Հիմնանորոգման պլաններում են Ավետիսյան փողոցը և Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցը: Քննարկվում է նաև Արին Բերդի փողոցի հիմնանորոգման հնարավորությունը, որը խոստացվել էր նախորդ տարի:
Չնայած փոսալցման աշխատանքների մեկնարկին, քաղաքացիները ահազանգում են տեխնիկական նորմերի խախտումների մասին: Ակտիվիստ Արթուր Չախոյանը հրապարակել է կադրեր՝ պնդելով, որ ասֆալտապատումն իրականացվում է առանց բիտումի օգտագործման: «Իսկ հիմա ինչ են ասելու, որ առանց բիտումի ասֆալտ են անում, հո հիմա էլ չեն ասելու՝ աղը շատ ենք ցանել»,- գրել է նա։
Անդրադառնալով արձանագրված խախտմանը՝ Փամբուխչյանը հաստատել է, որ այնտեղ աշխատանքներն իրականացվել են առանց բիտումի: «Դա Վարդանանց փողոցն է, որ մենք նկատել ենք այդ խնդիրը, և այդ խնդիրը պետք է ստանա պատշաճ լուծում, այսինքն՝ առանց բիտումի իրականացված աշխատանքը կքանդվի ամբողջությամբ: Այն ասֆալտը, որը ներկա պահին իրականացվել է, չի համապատասխանում մեր ստանդարտներին»:
Ի պատասխան այն հարցին, թե ինչու շինբարեկարգման վարչությունը չի իրականացրել պատշաճ վերահսկողություն, Փամբուխչյանը հայտարարել է, որ երաշխիքային պայմանագրերը դեռ ուժի մեջ են և կողմերը պարտավոր են կատարել իրենց պարտավորությունները: Փոխքաղաքապետը պարզաբանել է, որ երաշխիքային պայմանագրի շրջանակներում շինարարները պարտավոր են անվճար շտկել իրենց աշխատանքները: «Բնականաբար, գումար չի վճարվում, եթե երաշխիքի մեջ է, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ մի քանի անգամ նույն գործողությունը շինարարները կատարել են առանց վճարվելու, որովհետև եղել է երաշխիքի մեջ և դրանք եղել են մեր ընթացակարգերի և կանոնների խախտմամբ աշխատանքներ»,- նշել է նա։
