Թրամփը Խաղաղության խորհրդի նիստում դիմել է Փաշինյանին և Ալիևին․ «Դուք արդեն ընկերներ եք»

Թրամփը Խաղաղության խորհրդի նիստում դիմել է Փաշինյանին և Ալիևին․ «Դուք արդեն ընկերներ եք»

20 փետրվարի 2026 – 10:24 AMT

PanARMENIAN.Net – 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեծ աշխատանք են կատարել խաղաղության հաստատման ճանապարհին, ասել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության խորհրդի առաջին նիստում՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել։ Դուք արդեն ընկերներ եք։ Ի դեպ, երբ նրանք եկան իմ գրասենյակ, նրանք կանգնել էին օվալաձև սենյակի հակառակ կողմերում, իրարից հեռու։ Նրանց առաջարկեցի մոտենալ միմյանց։ Հասկանալի է, մարդիկ 32 տարի շարունակ սպանել են միմյանց։ Մեկ ժամ անց, երբ ստորագրեցինք համաձայնագիրը, նրանք գրկախառնվեցին։ Այժմ ունենք խաղաղություն երկու կարևոր երկրների միջև։ Ես երբեք չեմ մոռանա այդ ակնթարթները։ Դուք կարճ ժամանակում հասաք հաջողության, դուք բավականին ուժեղ եք և կարող եք հպարտանալ ձեզնով։ Շնորհակալ եմ ձեզ»,-ասել է Թրամփը, հայտնում է Արմենպրեսը:

Այնուհետև ԱՄՆ-ի նախագահն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ոտքի կանգնել, ինչից հետո ներկաները նրանց արժանացրել են ծափահարությունների և ականատես են եղել Փաշինյանի ու Ալիևի ձեռքսեղմմանը։

Փաշինյանը Վաշինգտոնում կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեսանյութ հրապարակելով:

Խաղաղության խորհրդի առաջին նիստի մեկնարկին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությունը և շնորհակալություն հայտնել Փաշինյանին և Ալիևին, հայտնում է Panorama.am-ը:

«Երբ հիշում եմ, թե ինչ տեղի ունեցավ Իսրայելում հոկտեմբերի 7-ին՝ բոլոր այն անմեղ մարդկանց սպանությունը, պատանդների առկայությունը և, իհարկե, դրանից բխած սարսափելի պատերազմը, ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչպե՞ս է հնարավոր երբևէ ապահով վերադարձնել այդ պատանդներին, ինչպես ստեղծել հնարավորություն, որպեսզի Գազայի բնակիչներն ունենան արժանապատիվ ապագա, և միաժամանակ ապահովել, որ Իսրայելը այլևս երբեք չհարձակվի։ Պարզվեց, որ պատասխանը մեկն էր՝ անհրաժեշտ էր նախագահ, որը լիովին նվիրված էր այս ջանքերին և աշխատանքին, և բարեբախտաբար մենք դա ունեցանք այս նախագահի առաջնորդության ներքո»,- ասել է նա։

Նա նշել է, որ Վաշինգտոնում հավաքված բոլոր առաջնորդները, ովքեր ներդրում են կատարում ապագայում, ներդրում են կատարում խաղաղության մեջ:

Նույն համատեքստում նա դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ընդգծելով նրանց դերակատարությունը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որոնց ես հանդիպեցի անցյալ շաբաթ։ Շնորհակալություն ձեզ՝ դա հնարավոր դարձնելու և ցույց տալու համար, թե ինչի կարելի է հասնել իրական առաջնորդության միջոցով»,-ասել է Վենսը:

Հունվարի 16-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով ձևավորվելու է Խաղաղության խորհուրդ, և մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի, հրավիրել է միանալու նախաձեռնությանը։

Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, որպես հիմնադիր անդամ, մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարել է, որ նորաստեղծ խորհուրդը զբաղվելու է ոչ միայն Գազայի հարցով, այլև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և կարգավորմամբ։

Leave a Comment